Մեկ Հարց
Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք
«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։
Որտե՞ղ է Աստվածաշունչն ասում, որ պետք է դիմել սրբերին։
Սկզբից ասեմ, որ անհրաժեշտություն չկա սրբերին դիմելու, իսկ բյուրավոր մարդիկ, հայցելով նրանց օգնությունը, շատ շնորհներ են ստացել։ Արդյո՞ք հնարավոր է հանդիպել մեկին, ով աղոթել է Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներով և Աստծուց շնորհ չի ստացել։ Մեզանից յուրաքանչյուրը, երբ կարդում է սրբերի վարքերը կամ նրանց աղոթքները, հասկանում է, թե այդ ամենը որքա՜ն հոգեշահ է։ Ինչպե՞ս են մարդիկ դիմում սրբերին։ Աղոթքով։ «Աղոթել» բառը շատ անգամ սխալ է հասկացվում։ Եկեք սահմանենք «աղոթք» և «աղոթել» բառերը։ Ոմանք կարծում են, որ աղոթել նշանակում է դիմել սրբերին այնպես, ինչպես մենք դիմում ենք Աստծուն, երբ Նրանից որևէ շնորհ ենք հայցում։ Սա, անշուշտ, սխալ հասկացողություն է։ Երբ մենք աղոթում ենք հանգուցյալներին, մենք նրանցից խնդրում ենք, որ Աստծո մոտ միջամտեն մեզ համար։ Հարցն ուրեմն այն է, որ մենք որևէ կերպ կարո՞ղ ենք հաղորդակցություն ունենալ ննջեցյալների հետ։ Պատասխանը պարզ «այո» է, երբ հասկանում ենք, որ մենք բոլորս անդամներ ենք կենդանի Քրիստոսի մարմնի։ (Այստեղ շեշտեմ, որ այն պարագայում, երբ մենք նրանց դիմում ենք նրանցից տեղեկություն կամ ապագայի գուշակություն ստանալու նպատակով, սա, անշուշտ, սխալ է)։ Սուրբ Պողոսը կորնթացիներին ուղղած իր առաջին նամակի 12-րդ գլխում գրում է. «27Արդ, դուք մարմինն եք Քրիստոսի և անդամներ՝ նրա անդամներից»։ Այս գլխում Ս. Պողոսը բացատրում է, որ մենք բոլորս անդամներ ենք Քրիստոսի մարմնի։ Եթե մի քիչ մտածենք, առանց դժվարության կարող ենք հասկանալ, որ ինչպես մեր մարմնի անդամները օգնում են իրար, Քրիստոսի մարմնի անդամներն էլ կարող են և հարկ է, որ օգնեն իրար։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է, որ մենք հասկանանք այդ իրողությունը, որ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ուրեմն քրիստոնյաները այդ մարմնի անդամներն են։ Բայց ովքե՞ր են Քրիստոսի մարմնի անդամները։ Անշուշտ, քրիստոնյաները։ Մի քիչ ավելի բացատրեմ։ Քրիստոսի մարմնի անդամները միայն այսօր ապրող քրիստոնյաները չեն, այլ բոլոր դարերի բոլոր քրիստոնյաներն են։ Սուրբ Պողոսը հաճախ խոսում է այն մասին, որ աղոթում է քրիստոնյաների համար։ Կարդում ենք նրա աղոթքների մասին, ինչպես նաև ուրիշների աղոթքների մասին։ Քրիստոսի մարմնի անդամները կարող են աղոթել և միջամտել իրար համար, և քանի որ հանգուցյալ քրիստոնյաներն էլ մաս են կազմում Քրիստոսի այդ մարմնին, ուրեմն իրենք ևս կարող են միջամտել մեզ համար։ Մեր հանգուցյալները կենդանի են կենդանի Աստծո մեջ։ Նրանք պատրաստ են միջամտելու մեզ համար։ Անհրաժեշտություն չկա, որ մենք դիմենք հանգուցյալներին՝ սրբերին, բայց երբ դիմում ենք նրանց, մենք վառ ենք պահում նրանց հիշատակը, ինչպես նաև մեր հավատը, որ մենք ևս մի օր պիտի լինենք նրանց հետ հավիտենականության մեջ։ Հայտնության գրքի 8-րդ գլխում կարդում ենք․ « 3Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ. նա ուներ ոսկե խնկաման. և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե խորանի վրա, աթոռի առաջ։ 4Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստծու առաջ»։ Ահավասիկ, սրբերի աղոթքը բարձրանում է առ Աստված՝ որպես բուրմունքով խունկ։
Վերջերս Հայր Անտոնին կրոնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել։ Այս հաղորդման ընթացքում նա կպատասխանի դրանց։ Իսկ եթե դուք ևս ունեք հարց, կարող եք ուղարկել այն մեզ։ Գուցե հենց ձեր հարցն էլ դառնա հաջորդ հաղորդման թեման։
Նմանատիպ փոսթեր