Մեկ Հարց
Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք
«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։
Եթե Հիսուսը հավիտենական Աստված է, ինչպե՞ս կարող է Աստված «ծնվել»։
Հավատո Դավանանքի մեջ, խոսելով Սուրբ Երրորդության Երկրորդ անձի մասին, ասում ենք՝ «ծնունդ և ոչ արարած»։ Այո՛, Որդին ժամանակից դուրս՝ հավիտենականության մեջ, ծնվում է Հորից, բայց արարած չէ։ Նա հավիտենականությունից գոյություն ունի։ Մեզ համար այս գաղափարը երկու հիմնական դժվարություն է առաջացնում։ Առաջին՝ մենք չենք կարող ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ է նշանակում հավիտենականություն։ Եվ դրա հետևանքով, երբ մտածում ենք «հայր և որդի» հարաբերության մասին, բնականաբար պատկերացնում ենք, որ մեկը մյուսից առաջ է գոյություն ունեցել։ Ուրեմն մեր հիմնական դժվարությունն այն է, որ մենք չենք կարող ամբողջությամբ հասկանալ հավիտենականության «տարածքը» (dimention)։ Երբ ընդունում ենք հավիտենականության այս գաղափարը, տեսնում ենք, որ այստեղ խոսքը բանականությանը հակառակ ինչ-որ բանի մասին չէ, այլ մի իրողության, որը գերազանցում է մեր սահմանափակ բանականության կարողությունները։ Սուրբ Երրորդությունը մեկ Աստված է՝ մեկ բնությամբ և երեք անձերով։ Մենք չենք ասում, որ Աստված երեք անձերից է բաղկացած։ Խոսքը երեք անձերի հավիտենական հարաբերության մասին է։ Այդ երեք անձերն էլ հավիտենական են, և նրանց միջև հարաբերությունը նույնպես հավիտենական է։